ՀԳՄ վարչության քարտուղար ՊԵՏՐՈՍ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ «Իրատես de facto»-ին տեղեկացրեց, որ պաշտոնապես գրողների միության անդամությունից հրաժարվելու դիմում են ներկայացրել Արքմենիկ Նիկողոսյանը, Հասմիկ Հակոբյանը և Աշոտ Գաբրիելյանը:
Շրջանառվում են նաև այլ անուններ: Ըստ մեր տեղեկությունների` բանաստեղծուհի Մանե Գրիգորյանի դիմումը չի ընդունվել երկրում չլինելու պատճառով:
Ներկայացված դիմումներին, իհարկե, շուտափույթ ընթացք չի տրվել: ՀԳՄ վարչության քարտուղարը նշեց, որ տարեվերջյան նախագահական նիստում կքննարկվի նաև այդ հարցը: Նրա խոսքով` այնքան էլ հաճելի չէ, երբ երիտասարդներն ուզում են դուրս գալ միությունից, թեև դա իրենց իրավունքն է, իրենց խնդիրը:
Այսպես ասած, երիտասարդներին ժամանակ է տրվում վերլուծելու, ծանրութեթև անելու` միությունից դուրս գալու իրենց որոշումը:
ՀԳՄ ղեկավարությունը զրուցել է նրանց հետ: Հարցը կքննարկվի նաև նիստի ժամանակ, եթե պնդեն, Պետրոս Դեմիրճյանի խոսքով` արդեն ընթացք կտրվի դիմումներին:
Հետաքրքրվեցի` գրողների միության պատմության մեջ նման դեպք եղե՞լ է, երբ երիտասարդներն այսպես խմբովին լքել են միության շարքերը: Զրուցակիցս նկատեց, որ մասսայական բնույթ չի կրում, ընդամենը երեք դիմում է ներկայացվել:
«Արտառոց ոչինչ չկա,- հավելեց նա:- Միշտ եղել են նման դեպքեր, երբ ավագ կամ երիտասարդ սերնդի գրողները դուրս են եկել միությունից: Եթե ուզում են գրողների միությունից դուրս` այլ կազմակերպություններում, այլ գործունեություն ծավալել, դա իրենց իրավունքն է»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ